ԽՍՀՄ խնայբшնկում ներդրված ավшնդների փոխհшտուցման կարգը

Ավանդների փոխհատուցում կարգը

Համաձայն ՀՀ Կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման՝ նախկին ԽՍՀՄ խնայբանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց տրամադրվում է փոխհատուցում հետևյալ անձանց՝

մինչև 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք՝ նաև, եթե ավանդը ներդրել է մահացած ամուսինը՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, նաև՝ եթե ավանդը ներդրել է մահացած ամուսինը՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
Սահմանամերձ համայնքներում հաշվառվածները, նաև՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված զինծառայողների, կամավորականների կամ անհետ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգողները՝ զոհվածի ժառանգները։
Փոխհատուցում ստանալու համար

Ավանդատուն դիմում է՝ իր բնակության վայրի տարածքային կենտրոն՝ անձամբ, օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով։ Դիմումը ներկայացվում է համաձայն հավելվածի, իսկ փոխհատուցման համար անհրաժեշտ է ներկայացնել նաև հետևյալ փաստաթղթերը`

անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ,
ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը, սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք՝ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին,
ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում), ինչպես նաև դրա լուսապատճենը` գրքույկի առաջին էջի (ներառում է մասնաճյուղի համարը, բաժանմունքի գտնվելու վայրը (քաղաք, շրջան, գյուղ), հաշվեհամարը, ավանդատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնաճյուղի կնիքը և պաշտոնատար անձի ստորագրությունը) և 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով.
տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից ավանդատուի (նաև մահացած ամուսնու) բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին։ Այս տեղեկանքը պետք է ստորագրի և կնքի ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարիչը։
Ըստ անհրաժեշտության կարող են ներկայացվել նաև այլ փաստաթղթեր։

Ավանդի փոխհատուցման համար դիմողին մերժելիս նրան գրավոր իրազեկում են՝ 15-30 օրվա ընթացքում։

Ավանդի փոխհատուցման համար դիմողը գրավոր մերժվում է, եթե

չի ներկայացրել պահանջվող բոլոր փաստաթղթերը,
խնայողական գրքույկում նշված ավանդային հաշվետերը, նրա ամուսինը, ժառանգը կամ ներկայացուցիչը չէ,
ավանդատուն մահացել է,
խնայողական գրքույկը տրված է նախկին ԽՍՀՄ այլ միութենական հանրապետության խնայբանկի կողմից,
ավանդը ներդրվել է 1993 թվականի հունիսի 10-ից հետո,
ավանդատուն արդեն ստացել է նախատեսված փոխհատուցումը:
Ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են`

ամսական պարբերականությամբ,
պետբյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված, ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնություններին համապատասխան,
հաշվառման հերթական համարին համապատասխան։