Փորկապությունը բավական տարածված խնդիր է, որն ուղեկցվում է շատ տհաճ զգացողություններով և որպես կանոն պայմանավորված է լինում մարդկանց սխալ կենսակերպով կամ որոշակի մթերքի գործածությամբ: Այն կարող է բավական ցավոտ զգացողությունների պատճառ դառնալ՝ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա և անգամ հանգեցնելով առողջական մի շարք խնդիրների զարգացման, ուստի զարմանալի չէ, որ այս դեպքերում մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել խնդրից:
Փորկապության առաջացմանը նպաստող գործոնների շարքին են դասվում ջրի ու մանրաթելերի քիչ գործածությունը, գրգռված աղու համախտանիշը, նստակյաց կենսակերպը, որոշակի դեղորայքի ընդունումը, շաքարային դիաբետն ու մի շարք այլ խանգարումները։ Սա է պատճառը, որ կանոնավոր փորկապության դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ ու պարզել խանգարման հիմնական պատճառը՝ առաջին հերթին ազատվելով դրանից։
Սակայն եթե փորկապությունը ժամանակավոր բնույթ է կրում, ապա աղիների աշխատանքի կարգավորման համար հատուկ դեղորայք ընդունելու կարիք չկա, քանի որ սննդակարգում որոշակի փոփոխություններ անելը կարող է բավական լինել խնդրի կարգավորման համար։ Օրինակ շատ արդյունավետ կարող են լինել որոշակի թարմ հյութերը, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել փորկապությունից։ Սակայն հարկ է հիշել, որ դրանք շատ արդյունավետ են խնդրի տհաճ ախտանշանները մեղմելու համար, սակայն ոչ մի դեպքում չեն կարող կիրառվել մասնագետի նշանակած բուժման փոխարեն։
Արքայախնձորի հյութ
Արքայախնձորը պարունակում է բրոմելայն ֆերմենտ, որն օժտված է դեֆեկացիան բարելավող հատկություններով, ուստի դրանից պատրաստված հյութը կարող է հիանալի միջոց լինել փորկապությունից ազատվելու համար։
Խնձորի հյութ
Խնձորները (առանց սերմերի) լցնել կոտորակիչի մեջ, ավելացնել կես թեյի գդալ հոռոմ-սամիթի փոշի և կես բաժակ ջուր ու լավ մանրացնել։ Այս ըմպելիքը փորկապության դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն է, ինչը պայմանավորված է նրանով, որ խնձորները հարուստ են աղիների համար շատ օգտակար մանրաթելերով, հանքանյութերով ու վիտամիններով։
Խաղաղի հյութ
Շատ օգտակար է նաև խաղողի հյութը։ Այն պատրաստելու համար հարկավոր է թարմ խաղողը լցնել կոտորակիչի մեջ, ավելացել մի փոքր ջուր ու կոճապղպեղ, այնուհետև լավ մանրացնել և խմել ստացված թանձր հյութը։ Խաղողը հարուստ է մանրաթելերով, որոնք բարելավում են աղիների աշխատանքը, իսկ հավելյալ հեղուկն էլ ավելի է բարելավում այդ գործընթացն ու օգնում է հեշտությամբ դատարկել աղիներն ու ազատվել փորկապությունից։
Նարնջի հյութ
Փորկապության դեմ շատ արդյունավետ միջոց կարող է լինել նաև նարնջի հյութը։ պարզապես հարկավոր է մեկ նարինջը կոտորակիչով լավ մանրացնել ու թանձր ըմպելիք պատրաստել, այնուհետև ավելացնել մի պտղունց սև աղ, լավ խառնել ու խմել։ Ստացված ըմպելիքը պարունակում է մանրաթելեր ու հանքանյութեր, ինչի շնորհիվ արդյունավետ կերպով կարգավորում է աղիների աշխատանքը։
Կիտրոնի հյութ
Կիտրոնները վիտամին С-ի և մանրաթելերի հիանալի աղբյուր են, ինչի շնորհիվ շատ արդյունավետ են փորկապության դեմ պայքարի համար։ Այս հյութի միջոցով աղիների աշխատանքը կարգավորող ըմպելիք պատրաստելու համար պարզապես հարկավոր է մի բաժակ գոլ ջրին ավելացնել կես կիտրոնի հյութ, մի փոքր մեղր ու քիմիոնի փոշի։ Ստացված խառնուրդը հիանալի միջոց է մարսողական համակարգի առողջության պահպանման համար։
Նյութի աղբյուրը՝ The Health Site