Տեստոստերոնի նվազում. ինչպես բարձրացնել այս հորմոնի մակարդակը․ պարզաբանում է մասնագետը

Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը ներկայացրել է՝ որոնք են տղամարդկանց օրգանիզմում տեստոստերոնի ցածր մակարդակի մասին հուշող ախտանշանները և ինչ է հարկավոր անել նման խնդրի դեպքում

«Ցածր տեստոստերոնի ախտանիշներն են՝ սեռական մղման նվազում, մկանների զանգվածի կորուստ, թուլություն և տրամադրության, աշխատունակության անկում:

Ինչպես վերականգնել տեստոստերոնը.

  • Բարելավել քնի հիգիենան. տղամարդու օրգանիզմը ավելի շատ տեստոստերոն է սինթեզում, երբ նա քնում է: Արդյունքում, որքան քիչ է նա քնում, այնքան պակաս տեստոստերոն է արտադրում: Երիտասարդ տղամարդկանց շրջանում կատարված ուսումնասիրության արդյունքում հետազոտողները պարզել են, որ քունը 1 շաբաթ կրճատելուց հետո տեստոստերոնի մակարդակը նվազել է 10% -ով: Գիշերային քունը կարևոր է, այն պետք է լինի 7-9 ժամ:
  • Կրճատել կոֆեինի և ալկոհոլի օգտագործումը։
  • Պարբերաբար մարզվել:
  • Կառավարել սթրեսը:
  • Քաշը կարգավորել. ճարպակալումը կապված է նաև ցածր տեստոստերոնի հետ:

Սովորաբար, տղամարդու որոշ տեստոստերոն վերածվում է մեկ այլ հորմոնի, որը կոչվում է էստրոգեն։ Այս գործընթացը սովորաբար տեղի է ունենում ճարպային բջիջներում: Այսպիսով, ավելորդ քաշ կամ գեր լինելը կարող է մեծացնել էստրոգենի վերածված տեստոստերոնի քանակը և իր հերթին նվազեցնել տեստոստերոնի ընդհանուր մակարդակը:

Քաշը վերահսկողության տակ պահելու համար խորհուրդ է տրվում առողջ սնունդ օգտագործել, խուսափել շաքարավազից և վերամշակված կերակուրներից, պարբերաբար մարզվել և ակտիվ մնալ:

Տեստոստերոնի արտադրությունը կարող է խաթարվել որոշ դեղամիջոցների և հորմոնների պատճառով։ Բացի այդ, հարկավոր է խուսափել անաբոլիկ ստերոիդներից և հավելումներից, քանի որ անաբոլիկ ստերոիդները կամ աշխատունակությունը բարձրացնող այլ դեղամիջոցներ կարող են խանգարել տեստոստերոնի արտադրությանը և պետք է խուսափել դրանցից:

Պետք է խուսափել նաև այն հավելումներից, որոնք իբրև խթանում են տեստոստերոնի մակարդակը:

Ցածր տեստոստերոնի ախտանիշներով, սեռական ցանկության նվազմամբ տղամարդկանց համար բժշկին դիմելը շատ կարևոր է:

Մանրակրկիտ ֆիզիկական քննությունը կարող է բացահայտել ցածր տեստոստերոնի այլ հնարավոր պատճառներ, ինչպիսիք են բորբոքումը կամ վարակը սեռական գեղձերում:

Սեքսոլոգիական համալիր բուժումը հնարավորություն է տալիս լիարժեք վերականգնել սեքսուալ ֆունկցիան», — նշել է մասնագետը: