Այս պատմությունը տեղի է ունեցել Չինաստանում, սակայն դրա մասին իմացել են գրեթե ողջ աշխարհում:
Համացանցում հայտնվել էր երեք վիրաբույժների լուսանկար, ովքեր պառկած են վիրահատարանի հատակին: Բանն այն է, որ նրանք ուժասպառ եղած էին, ուզում էին քնել և սարսափելի քաղցած էին: Այդ պահին նրանք նոր էին ավարտել 32 ժամ տևած վիրահատությունը, որը սկսվել էր շաբաթ օրն առավոտյան, իսկ վերջացել կիրակի երեկոյան:
Վիրահատությունն այդքան երկար էր տևել, քանի որ բժիշկները պիտի մի անգամից հեռացնեին անևրիզման և անգիոբլաստոման: Կարևոր էր դրանցից ազատվել մի վիրահատության ժամանակ, այլապես առանձին վիրահատությունների արդյունքները կարող էին ողբերգական ավարտ ունենալ:
32 ժամ տևողությամբ վիրահատությունը դարձել է համաշխարհային վիրաբուժական ռեկորդ:
Հիվանդի բարեկամը, ով ամբողջ ընթացքում սպասում էր հիվանդանոցում, ասում է, որ շատ էր անհանգստանում, որ բժիշկները գուցե չդիմանան ծանրաբեռնվածությանը, և հոգնածության պատճառով որևէ սխալ թույլ տան: Բարեբախտաբար, վիահատությունը լավ անցավ: Սակայն դրա ավարտից հետո բժիշկներն ուղղակի ընկան հատակին: Նրանք նույնիսկ կանգնելու ուժ չունեին: Բժիշկներն ասում են, որ վիրաբույժների համար նման վիրահատությունները նորմա են, և նրանք պատրաստ են անցնել շատ դժվարությունների միջով՝ միայն թե փրկեն հիվանդներին: